Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 1,39%) :
«Ակբա Լիզինգն ու «Էսզեթ Ֆարման» համագործակցում են երկար տարիներ։ Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Էսզեթ Ֆարմայի» հետ, որը կամրապնդի մեր համագործակցությունը և մեր հաճախորդներին ավելի լավ և հետաքրքիր պայմաններով լիզինգի տարբերակներ կառաջարկի։ Մասնավորապես եվրոպական արտադրության էներգախնայող սարքավորումները հնարավորություն կլինի ֆինանսավորել տարեկան 1% տոկոսադրույքով և 10% կանխավճարով»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Այսօր ստորագրեցինք հուշագիր մեր բազմամյա գործընկեր Ակբա Լիզինգի հետ այն հույսով, որ կկարողանանք ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին և բժիշկներին առաջարկել ամենաժամանակակից և որակյալ սարքավորումները՝ հնարավորություն տալով նրանց այդ սարքավորումներով աշխատել և ընդունել հաճախորդներին»,– նշել է «Էսզեթ Ֆարմա» ընկերության հիմնադիր տնօրեն Երեմ Սարգսյանը։
Շուկայում 23 տարի գործող «Էսզեթ Ֆարմա» ընկերությունը զբաղվում է բժշկական, ատամնաբուժական սարքավորումների և նյութերի ներկրմամբ և վաճառքով։ Այն ավելի քան 100 արտասահմանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչ է Հայաստանում: