Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով: 2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։
Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման առաջին տարում թռչնամսի արտադրական ծավալը 400 տոննա էր, 2020թ.-ին՝ 2000 տոննա։
Այժմ թռչնաֆաբրիկայի տարածքում շինարարություն է: Կառուցվում է գերմանական նորագույն սարքավորումներով համալրված 4 նոր թռչնանոց՝ սեղանի ձվի արտադրության համար: Գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն է։
Հաջորդ տարի փետրվարին ընկերությունը կարտադրի և սպառողին կներկայացնի նաև սեղանի ձու: Այժմ տեղական թռչնամիսը կազմում է շուկայի 35 տոկոսը, մնացածը՝ ներկրվում է դրսից: Թռչնաֆաբրիկայում վստահ են, որ հաջորդ տարի տեղական արտադրությունը կարող է զարգանալ և գերազանցել ներկայիս արտադրական ծավալները: