- Նոր ֆինանսավորում ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի կողմից, Հայաստանում ՄՓՄՁ-ներին աջակցելու համար։
- Ֆինանսական միջոցներ՝ տեղական ՄՓՄՁ-ների շրջանում նոր, ավելի կանաչ տեխնոլոգիաների ֆինանսավորման համար։
- ԵՄ դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն՝ ՎԶԵԲ-ի վարկը լրացնելու համար։
Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ-ները) կօգտվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) կողմից «Ակբա Լիզինգ»-ի միջոցով տրամադրվող 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նոր ֆինանսավորումից:
ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը համալրվում է մինչև 12,5 տոկոսի չափով Եվրամիության (ԵՄ) դրամաշնորհային նախաձեռնությունների և անվճար տեղական և միջազգային խորհրդակական ծառայությունների միջոցով, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում։ «Ակբա Լիզինգ»-ը այս նոր վարկային գիծը լիզինգով կտրամադրի հայկական ընկերություններին, որը նրանց թույլ կտա ներդրումներ կատարել ժամանակակից սարքավորումների և արտադրության արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև բարելավել արտադրանքի որակը և ուժեղացնել աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի միջոցառումները:
«Ակբա Լիզինգ»-ին տրամադրված վարկի առնվազն 70 տոկոսը կօգտագործվի կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները ֆինանսավորելու համար՝ ընկերություններին օգնելու խթանել բնապահպանական պրակտիկան և բարելավել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Լիզինգի շուկայի առաջատար «Ակբա Լիզինգ»-ի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Ակբա բանկը, որը ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկերն է, և կենտրոնանում է ՄՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտների վրա։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է։ Մինչ օրս Բանկն ավելի քան 2․4 միլիարդ Եվրո գումար է ներդրել երկրում 220 նախագծերի շրջանակներում, որտեղ աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը կայուն և կանաչ տնտեսության։