Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Սևակն ու Արմենը հիմնադրեցին 5000 քառակուսի մետր տարածքով հիդրոպոնիկ ջերմատուն ու սկսեցին աճեցնել պոմիդորի եվրոպական սորտեր։
Ոլորտը նոր էր, խնդիրներն ու դժվարությունները՝ շատ։ Ընկերների ջերմատուն հիմնելու գաղափարին առաջին օրից հավատաց գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը, որը ոչ միայն ֆինանսավորեց ջերմատան հիմնումը, այլ նաև տրամադրեց մասնագիտական խորհրդատվություն։
Այժմ ջերմատան արտադրողականությունը տարեկան 40-45 տոննա է, կես տարվա համար պլանային ցուցանիշը կատարված է։ Առայժմ արտադրանքը սպառվում է միայն ներքին շուկայում, բայց առաջիկայում՝ արտադրական ծավալները մեծացնելուց հետո, ցանկանում են արտահանել։
Ջերմատան հարևանությամբ արդեն կառուցում են նորը, որը կլինի ավելի նորարար և տեխնոլոգիական։ Սևակն ու Արմենը գիտեն՝ հաջողության համար պետք է ամենօրյա և համառ աշխատանք։
«Ես խենթի պես սիրում եմ բժշկությունն ու վիրաբուժությունը ու չեմ պատկերացնում իմ կյանքը առանց վիրաբուժության, առանց այն հիվանդների, որոնց բուժում ենք ու կյանք տալիս: Բայց կան նաև շատ բացասական լիցքեր. բժշկի մոտ առողջ մարդիկ չեն գալիս, նրանք լցված են իրենց դարդուցավով, հիվանդությամբ և շատ անգամ դու կռիվ ես տալիս կյանքի ու մահվան միջև, ու բացասականը մնում է քո մեջ: Փորձեցի ստեղծել տեղ, որ բույսին տաս քո բացասականը, ստանաս դրականը, լիցքավորվես ու օգտակար լինես քո հիվանդներին։ Ի վերջո մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ՝ օգնում»,- նշում է ջերմատան հիմնադիր Սևակ Շահբազյանը։