29.06.2017

Արսեն Բազիկյան. «Գրին Լիզինգ»-ի պահանջարկը Հայաստանում մեծ է

2014թ. վերջից «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունն իր հաճախորդներին ներկայացրել է նոր պրոդուկտ՝ «Գրին Լիզինգ», որի գլխավոր նպատակը էներգախնայող և շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ սարքավորումների լիզինգն է: Նոր առաջարկի առանձնահատկությունների և պահանջարկի շուրջ Banks.am-ը զրուցել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ:  

 

- Պրն Բազիկյան, ի՞նչ զարգացումներ են նկատվում լիզինգի շուկայում վերջին տարվա ընթացքում:

- Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական շուկայում անկում է գրանցվել, լիզինգի շուկայում 2014թ. նկատվել է ակտիվություն: Նկատելի է պորտֆելի աճ, որն ակնհայտ է ոչ միայն մեր, այլև մրցակից ընկերությունների մոտ:

Այս պահին ամբողջ հանրապետության լիզինգ պորտֆելը կազմում է 14 մլրդ դրամ, որից 9.6 մլրդը՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի պորտֆելն է: Այսինքն՝ մենք շուկայի գրեթե 70 %-ն ենք զբաղեցնում:

Պետք է նշեմ, որ պրոդուկտը շուկայում մասսայականացնելու խնդիր կա և այս ուղղությամբ մեր մրցակիցները նույնպես ակտիվություն են ցուցաբերում, հետևաբար մենք պետք է անենք առավելագույնը՝ մի կողմից լիզինգը ավելի հասանելի դարձնելու հաճախորդին և մյուս կողմից՝ մեր առաջատար դիրքերը պահպանելու համար:

 

-Կարելի է ենթադրել, որ «Գրին Լիզինգ»-ի գործարկմանը նախորդել էին մարքեթինգային ուսումնասիրություններ՝ կապված նոր պրոդուկտի հետագա արդյունավետության հետ: Ի՞նչ պարզեցիք շուկայի ուսումնասիրության արդյունքում:

-Ուսումնասիրություններ սկսել ենք իրականացնել դեռ 2014թ-ից:

Բազմաթիվ հաճախորդներ այդ 6 ամիսների ընթացքում հետաքրքրվում էին, թե ինչու չենք տրամադրում առանձին տեսակի լիզինգ, օրինակ, էներգախնայող սարքավորումների համար:

Գաղափարին աջակցելու եկավ նոր ռեսուրսը՝ GGF ֆոնդից, որը նաև պատճառ հանդիսացավ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ստեղծման համար:

Աստիճանաբար սկսեցինք մտածել այդ մասին: Երկրորդ պատճառն այն էր, որ տնտեսությունը որոշակի անկում ապրեց և շատ գործարարներ, տնտեսվարող սուբյեկտներ սկսեցին մտածել ծախսերի կրճատման, խնայողության և օպտիմալ կառավարման մասին, ինչն էլ հետագայում դարձավ մեր կարգախոսը՝ «Եկեք հաշվենք միասին»:

Բացի նրանից, որ այս դեպքում ավելի ցածր է ֆինանսավորման տոկոսադրույքը, «Գրին Լիզինգ»-ի գործարքի կարևոր առավելություններից է նաև այն, որ ընկերություններին անվճար էներգաաուդիտ է առաջարկվում: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջական, որի միջոցով ամբողջական ծախսերի հաշվարկ է իրականացվում բոլոր ուղղություններով և տեղային՝ այս կամ այն արտադրական փուլի ուսումնասիրություն, որն իրականացնում ենք մասնագիտացված ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում:  

 

-Որպես կանոն, էներգախնայող և էներգաէֆեկտիվ նախագծերը գտնվում են միջազգային  ֆինանսական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում և հաճախ ֆինանսավորվում են վերջիններիս կողմիցԻ՞նչ կասեք «Գրին Լիզինգ»-ի վերաբերյալ:

-Մենք նույնպես աշխատում ենք միջազգային հիմնադրամների հետ, նաև նոր առաջարկներ ենք ստանում: Ներկայումս քննարկումներ ենք իրականացնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և երկու այլ կառույցների հետ: Նրանք բոլորը «Գրին Լիզինգ»-ի գաղափարի կողմնակիցներ են:

Նշեմ, որ ոչ միայն զուտ ձեռնարկատիրական շահութաբեր գործունեություն ենք իրականացնելու, այլև սոցիալական շատ ծրագրեր: Աշխատանքներ ենք տանելու ոչ միայն ձեռնարկատերերի, այլև ամբողջ հասարակության շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

 

-Ո՞ւմ է ուղղված ձեր նոր պրոդուկտը և որքանո՞վ է այն հասանելի մարզերում:

-Պրոդուկտն ուղղված է բոլոր տեսակի հաճախորդներին՝ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ ՓՄՁ ձեռնարկատերերին: Սակայն մեր ամենախոշոր թիրախային խումբը ՓՄՁ-ներն են և տեղաբաշխումների 75%-ը կլինեն հենց այդ ոլորտում:

Լիզինգի առարկաները տրամադրելու ենք նաև գյուղացիական տնտեսություններին, հետևաբար՝ պրոդուկտը հասանելի կլինի նաև մարզերում:

 

-Ինչպիսի՞ն է «Գրին Լիզինգ»-ի սարքավորումների ցանկը, կա՞ն բացառիկ առաջարկներ հայկական շուկայի համար:

-«Գրին Լիզինգ»-ի շրջանակում տրամադրում ենք 4 խումբ լիզինգի առարկաներ՝ էներգախնայող սարքավորումներ և հոսքագծեր, գյուղատնտեսական տեխնիկա և կաթիլային ոռոգման համակարգեր, արևային ջրատաքացուցիչներ, որոնք փոխարինելու են գազով և հոսանքով աշխատող սարքավորումներին:

Վերջին՝ 4-րդ ուղղությունը, այլընտրանքային վառելիքով աշխատող և քիչ արտանետող տրանսպորտային միջոցների լիզինգն է, որոնցից են նաև հիբրիդ շարժիչներով մեքենաները:

 

-Ե՞րբ եք նախատեսում էլեկտրամոբիլների լիզինգ սկսել:

-Այստեղ ենթակառուցվածքների փոփոխության խնդիր կա, սակայն մեր մատակարար ընկերությունները պատրաստ են այս առումով աշխատել մեզ հետ: Ինչպես ՀՀ-ում այսօր, օրինակ, գազի լիցքավորման համակարգերն են ներդրված, այնպես էլ անհրաժեշտ է էլեկտրամոբիլների մարտկոցների լիցքավորման կայաններ ստեղծել:

Մոտ ապագայում նախատեսում ենք քննարկումներ սկսել մեր երեք մատակարարների հետ՝ տվյալ սեգմենտում վաճառքներ իրականացնելու վերաբերյալ:

Պետք է նշեմ, որ հիբրիդ մեքենաներից, օրինակ, Toyota Prius-ը ՀՀ-ում նախորդ տարի վաճառքի բավական մեծ ծավալ է ապահովել: Հետևաբար, այս շուկան ուշ թե շուտ ձևավորվելու է Հայաստանում: Հնարավոր է, որ տրոլեյբուսների մշակույթը ևս շուտով նորից ձևավորվի և արդյունքում կունենանք էկոլոգիապես մաքուր տրանսպորտ:

 

-Գոհացնո՞ւմ է արդյոք ձեզ «Գրին Լիզինգ»-ի նկատմամբ մինչ օրս եղած պահանջարկը և կարո՞ղ եք առանձնացնել այն սարքավորումները, որոնք առավել պահանջված են հայաստանյան սպառողների շրջանում:

-Մենք նախկինում մտածում էինք, որ հայ սպառողը փոփոխությունների հետ դժվար է համակերպվում, սակայն փորձը ցույց է տալիս, որ ԱՊՀ այլ երկրների համեմատ մենք այս առումով առավել առաջադեմ և արագ կողմնորոշվող ազգ ենք:

«Գրին Լիզինգ»-ը ներդնելուց առաջ $2 մլն-ի պայմանագիր էինք կնքել Green for Growth հիմնադրամի (GGF) հետ, որի տրամադրած ֆինանսական միջոցներն ուղղված էին կանաչ ֆինանսավորման զարգացմանը:

Ստացվեց այնպես, որ նոր պրոդուկտը լիովին բավարարում էր տվյալ ընկերության պահանջներին: Հետագայում ևս $4 մլն-ի պայմանագիր կնքեցինք, քանի որ ակնհայտ դարձավ, որ պահանջարկը մեծ էր:

Կարծում եմ, որ այնուամենայնիվ, $6 մլն ներդրումը շատ փոքր գումար է: Տեղաբաշխումն ավարտելուց հետո նախատեսում ենք ձեռնամուխ լինել նոր փուլի, որը ենթադրում է ևս $10 մլն ռեսուրսների ներգրավում:

Նշեմ, որ միայն հունիս ամսին կնքել ենք 35 լիզինգային պայմանագիր՝ 650 մլն դրամ ծավալով:

Այստեղ կարևոր է հասկանալ, որ մենք չենք առաջարկում այս կամ այն տեխնիկան կամ մատակարարին, այլ առաջարկում ենք դրա ֆինանսավորման այս կամ այն տարբերակը:

Ամենամեծ պահանջարկ ունեցող սարքավորումները գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման ոլորտից են, որտեղ վերջին ամիսներին ավելի մեծ քանակությամբ ներդրումներ ենք իրականացրել:

 

-Ինչպիսի՞ն են «Գրին Լիզինգ»-ի տրամադրման պայմանները:

-Ինչպես նշեցի, հիմնական թիրախային խումբը ՓՄՁ-ներն են, որոնք ունեն մինչև 250 աշխատող և որտեղ ակնկալում ենք հիմնական միջոցները տրամադրել մինչև 5 տարի ժամկետով. առանձին դեպքերում կարող է հասնել մինչև 7 տարի, երբ տվյալ տեխնիկայի օգտագործման ժամկետն ավելի երկար է: Կանխավճարը հաճախորդների կողմից իրականացվում է 10-30%-ի սահմաններում:

Տարեկան տոկոսադրույքներն են՝ 6-18 %: Յուրաքանչյուր հաճախորդի սովորաբար մի քանի առաջարկ ենք տրամադրում՝ տալով ընտրության հնարավորություն: Նաև հնարավորություն ենք տալիս հաճախորդներին ժամկետից շուտ մարումներ իրականացնել՝ առանց որևէ տույժ և տուգանքի: Հաճախորդներն իրենք են կառուցելու իրենց մարման ժամանակացույցը: Ամբողջ փաթեթը՝ ապրանքի ձեռքբերում, մատակարարում, փոխադրում, մաքսազերծում, ապահովագրություն, ներառված է լիզինգային գործարքի մեջ: Գոյություն ունի ԱԱՀ հաշվանցման և լիզինգի առարկաների արագացված ամորտիզացիայի կիրառման հնարավորություն, հաճախորդի ցանկության դեպքում նաև ԱԱՀ հետաձգման հնարավորություն՝ համաձայն գործող օրենսդրության:

«Գրին Լիզինգ»-ի պայմանները տարբերվում են: Ունենք մի քանի մատակարար ընկերություններ, որոնք միմիայն «Գրին Լիզինգ»-ի ենթաբրենդի շրջանակում են աշխատում, և այս առումով հնարավոր է լիզինգով հիմնական միջոց ձեռք բերել ավելի ցածր տոկոսադրույքներով: Տվյալ մատակարարների հետ ունենք վենդորային պայմանագրեր (այս պայմանագրերի հիման վրա «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն խթանում է մատակարար ընկերությունների վաճառքները՝ լիզինգային հատուկ մեխանիզմներ մշակելով), որոնց դեպքում արդեն 3-4% տարբերություն կա՝ լիզինգային մեր ավանդական պրոդուկտների համեմատ:  

Նշեմ նաև, որ տարբերությունը միայն տոկոսադրույքի մեջ չէ: Մենք ցանկություն ունեինք այս շուկայում մի փոքր ավելի լիբերալ լինել:

 

-Իսկ ի՞նչ առաջարկներ ունեք ֆիզիկական անձանց լիզինգի շուկայում:

-2014թ. կեսերից տրամադրում եք ֆիզիկական անձանց լիզինգի ծառայություններ:  Ներկայումս մեր պորտֆելի 97%-ը կազմում են փոքր և միջին ձեռնարկատերերը, մնացած 2-3 %-ը՝ գյուղացիական  տնտեսությունները: Բայց այստեղ մենք մեծ ռիսկի ենք գնում և մտնում ենք նաև ֆիզիկական անձանց լիզինգի շուկա, ինչն իր հերթին նշանակում է, որ մենք ունենք նոր սեգմենտում աշխատելու պատրաստակամություն:

Ավտոմեքենայի ապառիկ վարկավորմանն այսօր փոխարինելու է եկել մեր առաջարկած Express auto leasing պրոդուկտը, որը շուկայում նախորդ տարի է հայտնվել և բավական մեծ հաջողություն ունի: Դրա շնորհիվ մեր ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք ամսական կայուն եկամուտ ունեն, մեզ մոտ կարող են ֆինանսավորվել մինչև 20 մլն դրամի շրջանակում և լիզինգով տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Ապառիկի նկատմամբ սրա առավելություններից է այն, որ գործընթացը կարճ է տևում՝ 1-3 աշխատանքային օր, ինչը վերջին շրջանում հասցրել ենք 1 աշխատանքային օրվա:

 

-Վերջերս տեղի է ունեցել «ԱԳԲԱ Լիզինգ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ի՞նչ հարցեր են քննարկվել ժողովի ժամանակ:

-Քննարկված կարևորագույն հարցերից էր ընկերության հետագա զարգացումը և խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը: Անհրաժեշտ էր նախորդ 12 տարիներին կուտակված փորձն ամփոփել մի փաստաթղթում, որի հիման վրա հնարավորություն կունենայինք առաջ շարժվել:

Ներկայացվեց 2016-18 թթ. ռազմավարական զարգացման հայեցակարգը, որի հիման վրա ես հանձնարարություն եմ ստացել առաջիկա 3 ամիսներին հաստատման ներկայացնել զարգացման ծրագիրը:

Բնականաբար, առկա են դժվարություններ, բայց դրանցով հանդերձ պետք չէ կանգնել տեղում: Մենք անընդհատ փորձում ենք լիզինգի համար նոր շուկաներ փնտրել: Կարծում եմ՝ հիմնական բանը, որ դեռ իրականացված չէ, լիզինգի մասին իրազեկվածության բարձրացումն է: Այսուհետ բոլոր հնարավոր տարբերակներով փորձելու ենք հասարակությանը տեղեկացնել պրոդուկտի մասին:

Հայեցակարգում նոր տեղ ենք հատկացրել ընկերության վաճառքների նոր ուղիների ներկայացմանը: Այսօր մեծ ծավալ են կազմում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի 56 մասնաճյուղերի միջոցով իրականացվող վաճառքները, որտեղ այդ հաճախորդների տեսակարար կշիռը մեր պորտֆելում գնալով աճում է:

Փորձելու ենք ակտիվացնել նաև մատակարար ընկերությունների միջոցով վաճառքները, որոնք մեր ընկերությունում արդեն 120-ից ավելի են: Նշենք, որ դրանց 50%-ը մշտական մատակարարներ են:

Հաջորդ ուղղությունը մասնագիտացած ընկերությունների միջոցով կոմիսիոն համակարգի հիման վրա իրականացվող վաճառքներն են: Խոսքը հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների մասին է, որոնք աշխատում են հաճախորդների բազաների հետ: Այդ ընկերությունները հնարավորություն ունեն մեզ լիզինգի բաժանորդներ մատակարարել, որոնց դիմաց կստանան կոմիսիոններ:

Նշեմ նաև, որ այս ուղղությամբ նախատեսում ենք աշխատել նաև այն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, որոնք չեն տրամադրում լիզինգային ծառայություններ և մեր ընկերությունը պատրաստ է քննարկել իրենց հաճախորդներին լիզինգի պրոդուկտ առաջարկելու հնարավորությունը՝ կոմիսիոն վարձատրության դիմաց:

Պետք է ասեմ, որ երկու ֆինանսական հաստատությունների հետ արդեն կա նման պայմանավորվածություն:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ն իր հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ գործունեություն է իրականացնում՝ հիմնվելով 4 թիրախային խմբերի վրա: Դրանք են՝ ագրոհաճախորդները, ֆիզիկական անձինք, ՓՄՁ և խոշոր հաճախորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները, դեսպանատները և հյուպատոսարանները:

Հաճախորդամետ քաղաքականության անցումը հնարավորություն է տալիս առավել ճկուն և անհատական առաջարկներ մշակել՝ նախատեսված կոնկրետ հաճախորդների համար: 

 

Արսեն Բազիկյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

 

 



Հրապարակված հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
Թարմացված է` 28.07.2015թ. 16:05

ԿԲ
USD 480.69
EUR 548.66
RUR 8.14
GBP 623.45
JPY 42.77
CNY 70.75
AED 130.87